ChocoTate
5 min readJul 28, 2020

--

Հայաստանին սիրահարված չինուհին. զրույց Շի Սինգյուի հետ

Սինգյուին հանդիպեցի ամիսներ առաջ ու այդ ժամանակվանից չեմ դադարում հիանալ նրա հայերենի գիտելիքներով ու դրանք խորացնելու ձգտմամբ։ Նրա՝ հայերեն սովորելու մոտիվացիան, հայ պոետներին չինարեն թարգմանելը, հայկական միջավայրում իրեն յուրային զգալը ինձ շատ հոգեհարազատ են, ես էլ նույն զգացողություններն ունեմ լեհերենի ու լեհական միջավայրի նկատմամբ։ Այնպես որ, ինձ շատ հետաքրքիր էր Սինգյուի՝ Հայաստանում ունեցած փորձը, ինչի մասին էլ զրուցել ենք, ու պատկերացրեք՝ մեր զրույցը եղել է բացառապես հայերեն։

Սինգյու, դու մի քանի օր առաջ ավարտել ես ԵՊՀ hայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան, բայց մինչև քո՝ Հայաստանում սովորելուն անդրադառնալը, կպատմե՞ս քո մասին՝ որտեղի՞ց ես, ի՞նչ կրթություն ունես, գիտեմ, որ նաև տնտեսագիտություն ես սովորել։

Ես Չինաստանից եմ ու հայերեն սկսել եմ սովորել դեռ Պեկինում, այն ժամանակ իմ մասնագիտությունը տնտեսագիտությունն էր, բայց մեր համալսարանն հատուկ է նրանով, որ շատ տարբեր օտար լեզուներ սովորելու հնարավորություն կա։ Երևի 90-ից ավել օտար լեզուներ են դասավանդվում այնտեղ, ու ես երկրոդ տարում ընտրեցի հայերենը՝ որպես օտար լեզու։

Իսկ ինչու՞ հենց հայերեն, շա՞տ էին քեզ նման ուսանողները։

Պեկինում մի քանի հայ ընկերներ ունեի, ովքեր չինարեն էին սովորում, ինձ էլ հետաքրքրեց նրանց լեզուն։ 2014թ-ին մի քանի նոր լեզուներ սովորելու հնարավորություն ստեղծվեց համալսարանում, որոնցից մեկը հնդեվրոպական լեզուներից հայերենն էր, ու 30 ուսանողներով ընտրեցինք այն, բայց մեկ կիսամյակ հետո միայն 7-8 ուսանող էր շարունակում սովորելը, որովհետև հայերենը դժվար լեզու է։

Ո՞րն է ամենամեծ դժվարությունն հայերեն սովորելիս։

Հայերենը շատ դժվար է, շատ, ամեն ինչը՝ սկսած տառերից։ Ու մենք շաբաթական քիչ ժամեր ունեինք լեզվի համար և պատկերացրու՝ լեզուն սովորելու առաջին 6 ամիսը միայն այբուբենն ենք սովորել։ Դժվարությունը նաև նրանում է, որ նյութեր չկան հայերեն սովորելու համար։ Անգլերենով էինք սովորում, մի փոքրիկ բառարան կա չինարեն-հայերեն, որ մեր դասախոսն է գրել, բայց դա էլ շատ չէր օգնում։

Իսկ ինչպե՞ս եղավ, որ եկար Հայաստան։

Երբ ավարտեցի ուսումս, ինձ առաջարկեցին գնալ Հայաստան՝ սովորելու, քանի որ մեր համալսարանը ուզում էր հայերենի ամբիոն հիմնել, որն հիմա արդեն 2 տարի է կա ու ունի հայերենի որակյալ մասնագետների կարիք։

Դու այստեղ հայ բանասիրություն ես սովորել․ մասնագիտական անցումը տնտեսագիտությունից հայ բանասիրություն բարդ չէ՞ր։

Քանի որ ես միջազգային բիզնես և առևտուր ուղղությամբ էի սովորում, մտածեցի ընտրել մի երկիր ու սովորել նրա լեզուն, որովհետև եթե պետք է անգամ խորանամ բիզնեսի մեջ, պետք է առաջին հերթին հասկանամ այդ երկրի լեզուն, դրա միջոցով բացահայտեմ բնակիչների հոգեբանությունը, նրանց պատմությունն ու գրականությունը։ Դրա համար ընտրեցի հայ բանասիրությունը։ Բացի այդ մեր համալսարանում ցանկանում են, որ ես հետ վերադառնալուց հետո այնտեղ հայերեն դասավանդեմ՝ չնայած ես կարծում եմ, որ իմ հայերեն իմանալն ավելի կարևոր է նրանով, որ կարողանամ հայկական մշակույթը, գրականությունը ներակայացնել չինարենով։

Հայաստան տեղափոխվելուց հետո, ենթադրում եմ, որ ավելի հեշտացավ լեզուն սովորելը։

Հա, իհարկե, ես այստեղ առաջին տարում մագիստրատուրայի համար նախապատրաստական կուրս գնացի, որի ընթացքում միայն լեզուն էի սովորում ու առաջին 3 ամսում ավելի շատ բան սովորեցի քան 2 տարում կսովորեի Չինաստանում։ Երևանում ապրելը շատ օգնեց լեզվի գիտելիքները խորացնելու համար։ Հայ ընկերներս էլ շատ լավն են՝ բարի, հյուրասեր, անսահման բարի։

Սինգյու, բարձրագույն կրթության համակարգերը Հայաստանում և Չինաստանում շա՞տ են տարբերվում իրարից։

Հա, տարբեր են շատ, ինձ համար ամենամեծ տարբերությունն այն է, որ Չինաստանում մենք կամպուսում ենք ապրում, միասին ենք ամբողջ օրը, իսկ Հայաստանում ուսանողները միայն դասի ժամանակ են շփվում իրար հետ։

Երբ ես քեզ առաջին անգամ հանդիպեցի, զարմացել էի, որ դու վարժ խոսում ես հայերեն, հայերն ինչպե՞ս են արձագանքում քո՝ մեր լեզուն իմանալուն։

Բոլորի դեպքում էլ հիմնական արձագանքը զարմանքն է։ Ամեն անգամ, որ գնում եմ շուկա կամ սուպերմարկետ, ինձ տեսնելով հայերը ռուսերեն են բարևում, ու երբ ես հայերենով ասում եմ, որ ռուսերեն չգիտեմ ու հայերեն եմ ճշտում ապրանքների գները, վաճառողները կատակում են, թե՝ մաքուր հայ ես։

Դու շատ լավ խոսում ես Երևանի բարբառով, իսկ երբ շփվում ես մարդկանց հետ, որոնք Հայաստանի տարբեր մարզերից են շփումը դժվարանու՞մ է, թե՞ հասկանում եք իրար։

Խնդիրներ լինում են ու ես գուշակում եմ շատ հաճախ, թե նրանք ինչ են ասում։ Այդ դեպքում հիմնականում խոսակցության համատեքստից եմ ենթադրում, թե ինձ ինչ են ասում։

Սինգյու, դու նաև հայ պոեզիան չինարեն ես թարգմանում։ Կպատմե՞ս էս մասին, արդեն կա՞ն տպված գործեր։

Հա, սիրում եմ հայկական պոեզիա, դեռ տպված չեն թարգմանություններս, երևի դա ավելի հեշտ կլինի, երբ վերադառնամ Չինաստան ու դասավանդեմ համալսարանում։ Չարենցի պոեզիան եմ թարգմանել մինչև հիմա՝ առաջին հերթին «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, «Լուսամփոփի պես աղջիկը», նաև ճապոնական թանկաները, ընդհանուր առմամբ մոտ 20 բանաստեղծություն։

Ինչու՞ ընտրեցիր Չարենցին։

Նա ամենահայտնի հայ բանաստեղծն է, իմ կարծիքով, բայց որ ավելի կարևոր է՝ նմանություն կա Չարենցի մտածողության ու չինական պոեզիայի մի քանի ստեղծագործողների միջև։

Իսկ հիմա ի՞նչ ես թարգմանում։

Սկսել եմ թարգմանել նաև «Սասունցի Դավիթ» էպոսը, որը սովետական տարիներին թարգմանվել է չինարեն, բայց միջնորդ լեզվից՝ ռուսերենից, ու հիմա գրադարաններում այդ թարգմանության օրինակներ չեն մնացել։ Ուղղակի էս գործը շատ մեծ է՝ չգիտեմ, թե երբ կավարտեմ, երևի մի տասը տարուց (ծիծաղում է)։ Նաև հայկական առասպելներն ու լեգենդներն եմ շատ սիրում ու հոգեհարազատ են ինձ, համալսարանում անցել ենք ու շատ սիրել եմ։

Մագիստրոսական թեզդ ի՞նչ թեմայով էր։

Թեզս հայերենում և չինարենում դարձվածքների մասին էր։ Ու հետաքրքիր է, որ երկու լեզուներում կան լրիվ համարժեք դարձվածքներ, կան մասնակի համարժեք դարձվածքներ ու նաև դարձվածքներ, որոնք համարժեքներ չունեն։

Սինգյու, հիմա, երբ ավարտել ես համալսարանը, ի՞նչ ես պատրատվում անել, ի՞նչ պլաններ ունես։

Չգիտեմ, դեռ հաստատ չեմ որոշել, բայց ուզում եմ վերադառնալ։ Գիտե՞ս, ուղղակի Հայաստանում միջավայրերը շատ տարբեր են, որոնցում եղել եմ՝ բանասիրական ֆակուլտետը, Picsartը, որտեղ աշխատել եմ։ Ունեմ հասակակիցներ, որ ավելի ավանդապաշտ են, շուտ են ամուսնանում, կան որ ընդհակառակը, շատ ժամանակակից են, լեզուներ գիտեն, ուզում են նախ կարիերայով զբաղվել։ Նեղվում եմ նաև, որ Երևանում տարբեր մասնավոր կազմակերպություններոմ աշխատավարձերը բարձր են, իսկ, օրինակ, գյուղերում լավ վարձատրվող աշխատանք գտնելը շատ բարդ է։ Հիմա մտածում եմ, որ հնարավոր է վերադառնամ ու միջազգային կազմակերպությունում աշխատեմ, հնարավորություն կա UNDP –ում պրակտիկա անցնելու, չգիտեմ, թե ինչպես կստացվի։

Գիտեմ, որ մի ամսից վերադառնալու ես Չինաստան։ Ի՞նչ ես կարծում՝ ամենաշատը Հայաստանի հետ կապված ի՞նչն ես կարոտելու։

Ես սարեր ու վերելքներ շատ եմ սիրում, ամենաշատը սարերն եմ կարոտելու, էդ հաստատ, լեռներն ամենալավն են Հայաստանում։ Ուզում էի էս տարի ծնունդիս բարձրանալ բիբլիական Արարատը, բայց վարակը խանգարեց, ու ինչու հենց ծնունդիս օրը, որովհետև ըստ Ծննդոցի 7-րդ ամսի 17-րդ օրը Նոյյան տապանն իջավ Արարատի վրա, իսկ այդ օրն իմ ծննդյան օրն է։ Երևի մյուս տարի կիրականացնեմ երազանքս։ Երբ չինացի ընկերներս էլ հարցնում են, թե ինչու գնացի Հայաստան, պատասխանում եմ, որ իմ ու այդ երկրի միջև անբացատրելի կապ կա։ Ես նաև Լոնդոնում եմ ապրել ու եթե համեմատեմ հայերին ու անգլիացիներին, պիտի արդարության համար նշեմ, որ երկուսն էլ բարեհամբույր են, բայց եթե անգլիացիների համար այդպիսին լինելն էթիկետ է, ապա հայերի մոտ ամեն ինչ՝ ջերմությունն ու բարությունը դիմացինի նկատմամբ շատ անկեղծ է ու իրական։

Շնորհակալ եմ զրույցի համար։

Ես էլ:)

Կարդացեք նաև՝

--

--

ChocoTate

Sensitive and sensible art lover in pursuit of eudaimonia!