ChocoTate
6 min readJul 9, 2020

--

Անցորդից ունկնդրի վերածվելու արվեստը. համերգներ բաց երկնքի տակ

Էս անգամ որոշեցի գրել մարդկանց մի խմբի մասին, ում ես շատ եմ սիրում, ովքեր իմ բացահայտած քաղաքների ամենախոսուն դեմքերն են ու նաև պատճառը այդ քաղաքներ կրկին վերադառնալու՝ այդտեղ թողած զգացողությունները նորից վերապրելու ու նորերը բացահայտելու համար։ Նոր քաղաքները սիրելու իմ ամենամեծ երկու պատճառներն են համեղ սուրճն ու ճաշակով փողոցային երաժիշտները։ Քանի որ սուրճի մասին նախորդ անգամ եմ պատմել, էսօր երաժիշտ-կախարդների հերթն է։

Վրոցլավ, Լվով

Ես շատ եմ սիրում ականջակալներս, որովհետև իմ ականջակալներում միշտ իմ սիրած երաժշտությունն է, բայց ավելի շատ սիրում եմ այն դեպքերը, երբ քաղաքը, որում գտնվում եմ, ինքն է առաջարկում իմ ճաշակով երաժշտություն։ Քաղաքները տարբեր ձևեր ունեն իրենց բնակիչների ու ճամփորդների հետ զրուցելու՝ ճարտարապետություն, եղանակ, համեղ խոհանոց, թանգարաններ, շարքը երկար կարելի է շարունակել։ Իմ ու քաղաքի ամենասիրելի զրույցի ձևը փողոցային երաժիշտների միջնորդությամբ տեղի ունեցող երկխոսությունն է։

Կրակով

Մի քանի տարի առաջ դեկտեմբերին՝ մի ահավոր ցուրտ օր, ընկերուհուս հետ քայլում ենք Կրակովի կենտրոնով ու լսում դաշնամուրի շատ մաքուր հնչյուններ՝ Լենոնի “Imagine” երգն է: Սկսում եմ Օլյային համոզել, որ մեր լսածը կենդանի երաժշտություն է, ինքն էլ թե՝ ո՞վ է գժվել էս ցրտին դրսում դաշնամուր նվագի։ Քայլում ենք հնչյունների ուղղությամբ, ու իրոք՝ մի հրաշալի գիժ նստած է ռոյալի դիմաց ու նվագում է։ Այդ օրը ծանոթացա Առնե Շմիտտի հետ, ով իր հսկայական ռոյալով ճամփորդում է աշխարհով ու նվագում անցորդների համար՝ Դրեզդենից ու Վրոցլավից մինչև Հոնկոնգ։ Առնեն դաշնամուրով հայտնի երգերի քավրներ ու երբեմն էլ իմպրովիզներ է անում։ Նաև վաճառում է իր ձայնասկավառակները, որոնցից երկուսը ունեմ, ու դրանք ինձ ժամանակ առ ժամանակ տեղափոխում են Կրակովի կենտրոն, որտեղ այդ օրը չնայած ցուրտ ձմռնաը՝ օդի մեջ մեծ քանակությամբ արևի շողեր կային՝ շնորհիվ Առնե Շմիտտի “Imagine”- ի՝ խաղաղություն բերող հնչյունների։

Որպես կանոն, փողոցային երաժիշտները ակտիվ են տաք ամիսներին, բայց շատերը անկախ եղանակից շարունակում են նվագել։ Նրանցից մեկին էլ հանդիպել եմ փետրվար ամսին Բեռլինի կենտրոնում՝ Հումբոլտի համալսարանից դեպի մայր տաճար տանող ճանապարհին։ Էնքան սիրուն էին կիթառահարի թեթև ռիթմերը, որ ինձ ու իտալացի ընկերոջս ստիպեցին դրսում սուրճ խմել ու լսել նրան բավականին երկար։ Բրանդեմբուրգյան դարպասների մոտ էլ լսեցինք անիվների վրա փոքրիկ երգեհոն նվագող արտիստին, ում երաժշտությունը միանգամից ցրեց մեր ծանր զգացողությունները, որ ունեինք Topographie des Terrors թանգարանն այցելելուց հետո։

Բեռլին

Ինքս ինձ ծննդյան նվերների շարքում կա մեկ այլ երաժշտի CD-ն, ով նույնպես նվագում է փողոցում։ 2 տարի առաջ որոշել էինք ծնունդս նշել Կրակովի մեր սիրած փաբում ու այնտեղ գնալու ճանապարհին՝ Ադամ Միցկևիչի արձանին հարող տարածքում հանդիպեցի Իմադ Ֆարեսին, ով Ալժիրից է, բայց ապրում ու ստեղծագործում է Կրակովում։ Ինձ նվեր արեցի նրա «Միջերկրական տանգո» ձայնասկավառակը, իսկ ինքը նոր ֆլամենկոյի ռիթմով “Happy birthday to you”-ն նվագեց ինձ համար։ Ամեն անգամ էս CD-ն լսելիս 2018թվի ծննդյանս օրն եմ հիշում, մեր էդ օրվա արկածները, լեհական զապիեկանկան, Ժիվիեց գարեջուրն ու Լեհաստանի հավաքականի՝ ֆուտբոլի աշխարհի խաղերի շրջանակում իմ ծննդյան օրը Կոլումբիայի հավաքականից կրած պարտությունը։

Լեհաստանում շատ են փողոցային լավ երաժիշտները, բայց իմ կարծիքով մրցակցությունից դուրս է Կրակովի Գրոդսկա փողոցը, որտեղ Սուրբ Պողոսի և Պետրոսի տաճարի մոտակայքում միշտ կարելի է հանդիպել լավագույն երաժիշտներին։ Տաճարն ինքն էլ ծառայում է, որպես համերգասրահ ու ամեն օր այնտեղ կարելի է Մոցարտ ու Վիվալդի լսել բարձրակարգ երաժիշտների կատարմամբ։ Եթե անցնեք էդ կողմերով, անպայման կանգ առեք մի քանի ժամով ու վայելեք թավջութակի, ջութակի, ակորդեոնի կամ կիթառի հնչյունները, որ միշտ ներկա են քաղաքի էս հատվածում։

Կրակով, սբ․ Պողոսի և Պետրոսի տաճար

Պետք է արդարության համար նշեմ, որ եթե լավ երաժշտությունը կրկնակի հմայք է տալիս քաղաքին, ապա անճաշակ ռիթմերը կամ ստեղծագործության վատ կատարումը կարող են ուղղակի անտանելի դարձնել զբոսանքը։ Օրինակ` Բուդապեշտի ամենագլխավոր տուրիստական կետերից մեկում՝ Ձկնորսական բաստիոնում մի ջութակահար էնքան վատ, աննկարագրելի վատ ձևով էր նվագում «Կնոջ բույրը» ֆիլիմից հայնտի տանգոն, որ զբոսաշրջիկներից մեկը բավականին մեծ գումար տվեց երաժշտին, որ նա որոշ ժամանակ ուղղակի չնվագի։ Ես էլ ինչքան ժամանակ է նույն պատճառով աշխատում եմ շրջանցել Հյուսիսային պողոտան Երևանում, որովհետև փողոցային երաժիշտներից որոշները, հատկապես երեկոյան ժամերին, շատ վատ որակի երաժշտություն են նվագում։ Բայց հաճախ էլ կիթառի, հենգի կամ կլառնետի շատ հաճելի հնչյուններ կարելի է որսալ Հյուսիսայինում, որոնք ցավոք չեն կարողանում լռեցնել շուրջն ավելի բարձր հնչող, անճաշակ 6/8 ռիթմերը։ Իսկ արդեն Օպերա հասնելուն պես անհնար է գոնե մի քանի րոպե չլսել կիթառահար Գևորգի բլյուզ գործերը, որոնց մեջ կան ինչպես հայտնի ստեղծագործությունների քավրներ, այնպես էլ հեղինակային գործեր, որոնցից «Գարնանային պար»-ով էլ հաճախ Գևորգ Աղաջանյանը սկսում է իր համերգային օրը Կոնսերվատորիային հարող տարածքում։

Երևան

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում էլ երաժիշտների մի սիրելի զույգ կար՝ Մարիոն ու Միտկոն, ում կարելի էր հանդիպել Սոֆիայի սրտում գտնվող Վիտոշա փողոցում։ Նրանք անգլերեն երգերի քավրներ էին անում, բայց երբեմն էլ, երբ ռուսախոսներ էին լինում ունկնդիրներ մեջ, նվագում էին Վիսոցկու ու Ցոյի երգերից։ Նրանց կոտրած ռուսերենով երգերը Սոֆիայի ցուրտ երեկոների լավագույն ընկերներս էին։

Սոֆիա

Հետաքրքիր են նաև էն երաժիշտները, որոնք ինչ-որ հատուկ նպատակով են փողոցում հանդես գալիս ու գումար հավաքում։ Լեհաստանում անցած տարի հանդիպեցի հարազատ քույրիկների, ովքեր ամառային արձակուրդների ընթացքում ֆլեյտա ու ջութակ էին նվագում Վարշավայի Նովիյ շվիատ փողոցում՝ փորձելով գումար հավաքել անգլերենի մասնավոր պարապմունքների համար։

Վարշավա

Իսկ Զիգմունտի սյան հարևանությամբ հանդիպեցի կիթառի միջոցով տիեզերական հնչյուններ ստացող մի շատ յուրահատուկ երաժշտի Յացեկ Պիոտրովիչին, ով ծնունդով Կրակովից է, բայց հաճախ լեհական այլ քաղաքներում էլ է նվագում։ Յացեկի ելույթից հետո բամբասենցինք վարշավացիներից, գովեցինք կրակովցիներին, պատմեց տարբեր տեղերում նվագելու իր փորձի ու արկածներով լի կյանքի, իրեն հանդիպած տարբեր մարդկանց մասին՝ համալսարանի պրոֆեսորներից մինչև Հյուսիսային Ամերիկայի ու Ասիայի շամանները, որոնց մասին պատմում էր փայլող աչքերով։

Հետաքրքիր է, որ փողոցային երաժիշտների միջոցով կարելի է նաև քաղաքի բնակիչների տրամադրության ու հասարակական-քաղաքական իրավիճակի մասին ենթադրություններ անել։ Մոսկվայում, օրինակ, երաժիշտների մեծ մասը ռոք է նվագում, ու շատ բողոք կա նրանց երաժշտության մեջ, մինչդեռ Վիեննան, ընդհակառակը, լի է դասական երաժշտություն նվագող փողոցային արտիստներով, որոնց անհոգությունն ուղղակի նախանձելի է։

Մոսկվա

Իմ՝ փողոցային երաժիշտների նկատմամբ ունեցած թուլության արդյունքում է, որ ես հաճախ ընտրում եմ զբոսանքի այս կամ այն ճանապարհը՝ հերթով անցնելով իմ սիրած երաժիշտների մոտով՝ փորձելով ըստ արժանվույն վարձատրել նրանց։ Հեռախոսիս մեջ էլ շատ են երաժիշտների լուսանկարներն ու ձայնագրությունները։ Ու դրանք պատկերավոր կերպով պատմում են մեր՝ երաժշտի, իմ ու քաղաքի այդ օրն ունեցած տրամադրության ու դրանով պայմանավորված զրույցի մասին, որոնք բոլորն էլ յուրահատուկ են։ Դրանցից մեկն էլ բաժակների միջոցով կյանք առնող զրույցն էր Կրակովի սրտում՝ ինձ համար մի շատ կարևոր օր։ Վայելե՜՜ք:)

Կարդացեք նաև՝

--

--

ChocoTate

Sensitive and sensible art lover in pursuit of eudaimonia!